National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.07.2022
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
1 / 4

Ազգային ժողովը հուլիսի 14-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Խորհրդարանի որոշմամբ՝ օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում, անկախ նրանից, թե ընտրողների թիվը որքան է, կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների համար նախատեսել առանձին քվեաթերթիկներ՝ այդպիսով վերացնելով քվեարկության ընթացքում գրիչների օգտագործումը: Այս մոտեցումը ներդնելու նպատակով առաջարկվում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների եւ վերջինների համամասնական ցուցակների առաջին երեք թեկնածուի ինքնաբացարկի ժամկետը սահմանել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ: Հեղինակների կարծիքով՝ սա   ընտրական հանձնաժողովներին հնարավորություն կտա ավելի շուտ սկսել քվեաթերթիկների տպագրման գործընթացը:

Առաջարկվում է նաեւ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տեղամասերում քվեարկության ընթացքի միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնել: Հեղինակները կարծում են, որ այսպիսով կավելանա ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել, որ համամասնական ընտրակարգով ձեւավորված ավագանու առաջին նստաշրջանում համայնքի ղեկավարի ընտրության հետ կապված հայցերը եւս ընտրական վեճեր են, եւ որ դրանք պետք է քննվեն ու լուծվեն հատուկ՝ արագացված կարգով, կոլեգիալ կազմով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի համար Ընտրական օրենսգրքով սահմանված լրացուցիչ պահանջներն առաջարկվում է հանել, եւ այդ մասով կարգավորումները դարձնել Սահմանադրությանը համահունչ:

Հեղինակներն առաջարկում են վերանայել նաեւ ԿԸՀ-ի անդամների վարձատրության չափերը:

«Փաթեթի ընդունմամբ կշտկվեն նախորդ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած խնդիրները»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:  Փոխնախարարը հայտնել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախարարությունը կներկայացնի որոշ առաջարկներ:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Փաթեթը քննարկվել է նաեւ երկրորդ ընթերցմամբ ու ընդունվել: Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am